«Հայրենիքի Պաշտպան» ՌՀԿ. Կամքի և Հավատարմության Ուղին
«Հայրենիքի Պաշտպան» ռազմահայրենասիրական կազմակերպությունը ստեղծվել է ոչ թե թղթի վրա, այլ խրամատներում, շրջափակման մեջ և Սյունիքի լեռներում։ Մեր կազմակերպության հիմքում ընկած է անկոտրում կամքը և զինակից ընկերների հավատարմությունը։
Մեր պատմությունը սկսվել է 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմից, անցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ամենածանր փորձությունների միջով։ Մենք այն թիմն ենք, որը պատասխանատվություն է ստանձնել 260 զինվորների կյանքի համար Հին Թաղերում և Խծաբերդում, ճեղքել է շրջափակումը և վտանգել սեփական կյանքը՝ Արցախի երեխաներին հույսի ծանրոցներ հասցնելու համար։
2021 թվականի մայիսի 25-ին մենք հիմնադրեցինք ՌՀԿ-ն, որպեսզի մեր փորձն ու նվիրումը ծառայեցնենք Սյունիքի հզորացմանը։ Մեր կորիզը կազմված է մարդկանցից, ովքեր իրար հետ անցել են մահվան միջով և այսօր նույն նվիրումով կառուցում են մեր հայրենիքը։
Մեր առաքելությունը՝
Հզորացնել Սյունիքը. Վերաբնակեցման և շինարարական ծրագրերի միջոցով շենացնել սահմանամերձ համայնքները։
Աջակցել խոցելի խմբերին. Հատուկ ուշադրություն դարձնել հատուկ դպրոցների երեխաներին և տեղահանված ընտանիքներին։
Պահպանել արժեքները. Դաստիարակել նոր սերունդ՝ հիմնված իրական հայրենասիրության և գործի վրա։
